Սեպտեմբերի 23-ին վնասազերծված «բանդայի» գործով ձերբակալված Արտյուշա Հակոբյանի կինը` Մարինա Գեորգաձեին, ով նույնպես կալանավորվել էր, իսկ ավելի ուշ տեղափոխել  Վրաստան, ազատ է արձակվել եւ վերադարձել Հայաստան: Այս մասին 

NEWS.am-ը  տեղեկացավ Արտյուշա Հակոբյանի հորից` Սուրիկ Հակոբյանից:

«Պահեցին, պահեցին, հետո բաց թողեցին: Արդեն երկու շաբաթ է` ինչ եկել է Հայաստան: Պատրաստվում է տղային ճանապարհել ծառայության»,- ավելացրեց Սուրիկ Հակոբյանը: Սուրիկ Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ արդեն մեկ ամիս է` ինչ թույլատրում են տեսակցել Արտյուշա Հակոբյանին, իսկ շաբաթը մեկ անգամ Արտյուշա Հակոբյանը զանգահարում է: «Ողորմի դատավոր Մխիթար Պապոյանի  պապերին: Ինքը թույլատրեց: Աստված իր երեխաներին պինդ ձեռքով պահի»,- ավելացրեց Սուրիկ Հակոբյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 23-ին վնասազերծված «բանդայի» գործով ձերբակալված Արտյուշա Հակոբյանի կնոջը` Մարինա Գեորգաձեին, ով նույնպես կալանավորվել էր, տեղափոխել են Վրաստան: Այս մասինNEWS.am-ը  տեղեկացել էր Մարինա Գեորգաձեի փաստաբան Արամ Ճուղուրյանից, ով դեմ էր Գեորգաձեի տեղափոխությանը: Որոշումը եղել է այստեղի իրավապահներինը, սակայն կատարվածի փաստով  բողոքարկելու մեխանիզմ չկա: Գեորգաձեի Հայաստանի  պաշտպանական կողմը Եվրադատարան գանգատ է ուղարկել, քանի որ այս դեպքում, ըստ նրանց, մարդու իրավունքների կոնվեցիայի խախտումներ կան, որ չի կարելի հոգեկան հիվանդությամբ տառապով մարդուն  անազատության մեջ պահել եւ նույն մարդու վերաբերյալ 2 անգամ տարբեր որոշումներ կայացնել: Իսկ Վրաստանում  պաշտպանական կողմը միջոցներ է ձեռնարկում, որ հիվանդության հետ հաշվի նստեն եւ պատժից ազատեն: Տեղեկացրել էինք նաեւ, որ մինչեւ Երեւանում հայտնի «բանդայի» վնասազերծումը եւ Մարինա Գեորգաձեի ձերբակալումը, նա խարդախության մեղադրանքով հետախուզման մեջ էր գտնվում նաեւ Վրաստանի իրավապահների կողմից: Նրա փաստաբանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ 1998թ-ին Մարինա Գեորգաձեն Թիֆլիսում տուրիստական գործակալություն է ունեցել, սակայն մի անգամ ինչ-ինչ պատճառներով Մոսկվայից Եվրոպա տուրիստներին տեղափոխելու պարտավորությունները չեն կատարվել: Հետագայում այն մարդիկ ովքեր վճարել էին ուղեւորության համար եւ տեղ չէին հասել, բողոքել էին եւ դա դարձել էր քրգործ: Արդյունքում Գեորգաձեն խարդախության համար դատապարտվել էր 5 տարվա պայմանական ազատազրկման, բայց նա չէր կալանավորվել: 2.5 տարի Գեորգաձեն մնացել էր Թիֆլիսում, որից հետո եկել էր Հայաստան, որտեղ էլ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր եւ նա պառկել էր հոգեբուժական հիվանդանոցում: Հոգեբուժարանում գտնվելու պատճառով Գեորգաձեն ճիշտ ժամանակին չի գնում Թիֆլիս, իսկ, ըստ կարգի, եթե պատիժը պայմանական չկիրառելու կարգը խախտում ես, իրավունք ունեն պայմանականը վերացնել, որն էլ իրականացնում են: Դրանից հետո պատիժը մնում է ազատազրկումը եւ նրա նկատմամբ կրկին հետախուզում են հայտարարում:

2010թ-ին ՀՀ ոստիկանությունը նրան բռնում է եւ կալանավորում: 40-օրյա ժամկետում բժշկական անկախ հանձնաժողովը նրան զննում է եւ հաստատում, որ նա ծանր հիվանդությամբ է տառապում, ինչը նշանակում է, որ նրա հանձնումը վրացական կողմին նրա կյանքի եւ առողջության համար վտանգավոր է:Արդարադատության նախարարությունը օրենքով սահմանված կարգով մերժում է Մարինա Գեորգաձեին հանձնել Վրաստանի իրավապահներին: Սակայն, երբ սկսվում է բանդայի գործը Մարինա Գեորգաձեին, որդուն եւ դստերը որպես ընտանիքի անդամ, տանում են բաժին: Այնտեղ ոստիկաններից մեկը, ով 2010թ-ին այդ գործով շփվել է նրա հետ, ճանաչում է Գեորգաձեին ու նրան կալանավորում են:Ի դեպ, փաստաբանը նաեւ նշել էր, որ Մարինա Գեորգաձեն ձերբակալված է Վրաստանին հանձնելու նպատակով: Նա «բանդայի» գործով բացարձակապես կապ չունի, նույնիսկ չի հարցաքննվել:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը