Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը եւս միացել է «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանից ներողություն խնդրող ՀՀԿ-ականներին՝ կապված այսօր ԱԺ միջանցքում Մհեր Արշակյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») միջեւ տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովի միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրաժարվել է պատասխանել Մհեր Արշակյանի հարցին եւ վիրավորել նրան ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Այս առնչությամբ, Մարգարիտ Եսայանը Facebook-ի իր էջում գրել է հետեւյալը.

 «Իմ սիրելի Մհեր Արշակյան, պարզապես ջղայնացած եմ այսօրվա միջադեպի պատճառով, ինքս, ցավոք, ներկա չեմ եղել, չգիտեմ, թե մինչ այդ ինչ է եղել, տեսանյութից եմ իմացել, բայց, անկախ ամեն ինչից, որեւէ մեկն իրավունք չունի լրագրողի հետ (հատկապես քեզ նման զուսպ եւ հավասարակշռված լրագրողի) այդպես վարվել: Խնդրում եմ ներիր ինձ, քանի որ կողքիդ չէի եւ հնարավորություն չունեի անկարգին կարգի հրավիրելու»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մհեր Սեդրակյանի արարքի համար լրագրողից ներողություն էին խնդրել ՀՀԿ մամուլի խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Իսկ ահա միջադեպի հերոսը՝ Մհեր Սեդրակյանը ոչ միայն չի պատրաստվում ներողություն խնդրել, այլեւ հայտարարել է, որ դեռ լրագրողը պետք է իրենից ներողություն խնդրի, քանի որ խանգարել է իրեն: «Էդ կարգի լրագրողին ամեն ինչ հասնում ա ասել եւ անել»,-1in.am-ին տված հարցազրույցում է ասել է Սեդրակյանը:

Այս միջադեպի առնչությամբ, մի խումբ լրագրողներ Facebook-ում խումբ են ստեղծել եւ նամակով դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նրանք պահանջում են, որ ԱԺ նախագահը կարգի հրավիր լրագրողների հանդեպ '«ոչ հարգալից արտահայտություններ» թույլ տվող պատգամավորներին` մասնավորապես Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) եւ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր):

«Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին եւ պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից»,-ասված է նամակում:

Բացի այդ, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները որոշել են այս միջադեպի կապակցությամբ դիմել նաեւ ԱԺ էթիկայի հանձնաժողով: