Քութայիսում կատաղած ամբոխը քարեր է նետել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ նրան ուղեկցող անձանց վրա: Շուրջ 100 մարդ հարձակվել է նախագահին ուղեկցող մեքենաների վրա, սակայն թիկնազորին հաջողվել է պաշտպանել նրան:
Այնուհետեւ ամբոխը հարձակվել է խորհրդարանի պատգամավոր Ակակիա Մինաշվիլիի վրա, հայտնում է «Գռուզիա օնլայնը»: Միջադեպից հետո խորհրդարանի նիստի ժամանակ խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին ոստիկանությունից պահանջել է պարզել, թե ինչ է պատահել, եւ նախազգուշացրել է, որ նման գործողությունները «շատ վատ կվերջանան բոլորի համար»: Նա պատգամավորներին հանդարտվելու կոչ է արել:
Չնայած այդ կոչին` փոքրամասնությունը լքել է դահլիճը՝ ի նշան բողոքի: «ԻնտերՊրեսնյուզը» հայտնում է, որ դրանից առաջ հատուկ հայտարարություն է արել խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիդ Բաքրաձեն՝ նշելով, որ դեկտեմբերի 19-ը ծանր էր սկսվել. հարցաքննության էր կանչվել Վճռաբեկ դատարանի ղեկավարը, այնուհետեւ ձերբակալվել էր Վրաստանի հայտնի հեռուստաընկերություններից մեկի ղեկավարը, Քութայիսիում հարձակում էր կատարվել «Միասնական ազգային շարժման» առաջնորդների վրա:
Ըստ «Նովոստի Գռուզիայի» տվյալների` Քութայիսում իշխող «Վրացական երազանք» դաշինքի եւ ընդդիմության շարքերն անցած «Միասնական ազգային շարժման» կողմնակիցների միջեւ Վրաստանի նախագահի հետ խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպումից հետո վեճ է տեղի ունեցել: Դրա հետեւանքով խորհրդարանի պատգամավոր Ակակիա Մինաշվիլին ֆիզիկական վնասվածքներ էր ստացել:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկրի բնակչությանը կոչ է արել զերծ մնալ սադրանքներից, իսկ իրավապահ մամիններին` ժամանակին հետաքննել Քութայիսի միջադեպը:





























