«Կոմերսանտ» թերթը մանրամասներ է հայտնում  պատվիրված սպանության փորձի մասին, որի շրջանակում ձերբակալվել էր ձեռնարկատեր, Վրաստանում ծնված Հովիկ Ալեքսայնանը:

Ըստ «Կոմերսանտի» ` այս տարվա սեպտեմբերին հետախուզության վարչությունը տեղեկություն էր ստացել, որ Մերձմոսկվայի Պուշկինոյից քրեական ինչ-որ հեղինակություն «Կրիսմար» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արմեն Շահինյանի սպանության համար մարդ է փնտրում:

Ստուգելով այդ տեղեկատվությունը`հետախույզները պարզել են, որ գործարարի սպանության համար վարձու մարդասպան է փնտրել պաշտպանության նախարարության  նախկին սպա, նախկինում դատված Վլադիմիր Տումանովը: Խուզարկուները հանցախմբերից մեկի անունից Շահինյանին վերացնելու հարցով բանակցություններ են սկսել Տումանովի հետ:

Արդյունքում պարզվել էր ենթադրյալ պատվիրատուի անունը` շինարարական «Ինպրոֆստրոյ» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Ալեքսանյան:  Մինչեւ վերջերս նրանք Շահինյանի հետ գործընկերներ էին եղել: Սակայն այս տարվա ամռանը նրանց միջեւ հակասություն էր ծագել մերձմոսկովյան Ձերժինսկիում երկաթբետոնե արտադրանքի գործարանի հարցով։

Միջնորդը Ալեքսանյանին ծանոթացրել էր Տումանովի հետ, որը 3,5 միլիոն ռուբլու դիմաց սկսել էր կազմակերպել սպանությունը: Իրենց հերթին Տումանովի հետ բանակցությունների ընթացքում խուզարկուները համաձայնել էին «սպանել» Շահինյանին 2 միլիոն ռուբլու դիմաց: 
Դեկտեմբերի սկզբին խուզարկուները «բեմադրել էին» Շահինյանի առեւանգումը: Այնուհետեւ լուսանկարներ էին արել, որտեղ իբր խեղդամահ արված Արմեն Շահինյանը պառկած էր փոսում: Այդ լուսանկարները դեկտեմբերի 11-ին կեղծ մարդասպանները փոխանցել էին Տումանովին, եւ նա հենց նույն օրը դրանք տարել էր Ալեքսանյանին: Հենց այն պահին, երբ վերջինս վճարում էր Տումանովին, նրանց ձերբակալել են: 

Հովիկ Ալեքսանյանին եւ Վլադիմիր Տումանովին մեղադրանք է ներկայացվել՝ՌԴ-ի ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասով եւ 105 հոդվածի 2-րդ մասով: Այդ հոդվածով նախատեսված է պատիժ՝ ընդհուպ ցմահ ազատազրկում: Դատարանի որոշմամբ Ալեքսանյանը  եւ Տումանովը երկու ամսով կալանավորվել են: