ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել նաեւ նախագահական ընտրությունների բոյկոտի տարբերակը՝ հայտարարելով, որ, ըստ էության, պետք է գտնել նախագահական ընտրությունների հետ կապված ամենաարդյունավետ տարբերակը։ Այսինքն՝ չմասնակցության մասին մտածում է նաեւ ՀԱԿ-ը, ինչը թերեւս բնական է, քանի որ մասնակցության առումով ՀԱԿ-ի հեռանկարները մեծ չեն։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանին առաջադրվելը ձեռնտու չէ, քանի որ նա բավական պրագմատիկ է եւ պատկերացնում է, որ արձանագրելու է ավելի վատ արդյունք, քան 2008-ին։ Իսկ եթե նա առաջադրի մեկ այլ անձնավորության, ապա դա կարող է ՀԱԿ-ի ներքին հակասություններն ավելի խորացնել։
Այս պայմաններում չմասնակցելն, իհարկե, կամաց-կամաց դառնում է ամենաօպտիմալ տարբերակը, այսպես ասած՝ «երգով նահանջի» տարբերակը։ Եվ այդ իսկ պատճառով էլ ՀԱԿ-ում սկսել են ակնարկել նաեւ այդ տարբերակի մասին։ Սա նաեւ կնշանակի, որ Կոնգրեսում կորցրել են ԲՀԿ աջակցության՝ ստվերային աջակցության հույսը, որ փայփայում էին Գագիկ Ծառուկյանի որոշմանը հաջորդած ժամերին եւ օրերին՝ կարծելով, որ ԲՀԿ ընտրազանգվածը կգնա դեպի ՀԱԿ...»,- գրում է «Ժամանակը»։



























