Դեկտեմբերի 22-ին Սարյան պուրակում («Մալիբու» սրճարանի տարածքում) կբացվի գյուղատնտեսական մթերքների երրրորդ տոնավաճառը:

Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե բացման արարողությանը կմասնակցեն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երեւանյան սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու եւ միաժամանակ առեւտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել եւ հետեւողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսությանաջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: Բացի այդ, միջնորդների ներկայությունը տոնավաճառին բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկում: Տոնավաճառների մասնակիցներին կազմակերպիչների կողմից անվճար տրամադրվելու են հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ եւ արտահագուստ:

Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով եւ համերգային ծրագրերով: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը եւ երթեւեկությունը կարգավորվում է ՀՀ ոստիկանության կողմից: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները:

Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 22-ից մինչեւ 30-ը: