Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից հնչած արտահայտության հետ, ով կասկածի տակ էր դրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդյունավետությունըՎրաստանի համար:

«Բաքու-Թբիլիսի-Կարս»-ը տարածաշրջանային եւ համաշխարհային մասշտաբի երկաթուղային նախագիծ է... Այդ նախագծի իրականացման իրավաբանական հիմքը Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ղեկավարների եռակողմ հայտարարությունն է եւ այդ երկրների կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագիրը... Ինչպես հայտնի է, այդ համաձայնագրի հիման վրա Ադրբեջանի կառավարությունը նախագծի վրացական հատվածի կառուցման համար վրացական կողմին արտոնյալ վարկ է հատկացրել՝ 775 մլն դոլարի չափով»,-Trend-ին ասել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Նամիգ Հասանովը:

Նրա խոսքով, տարածաշրջանի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի շատ երկրներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել այդ նախագծի նկատմամբ եւ աջակցել դրա իրագործմանը: «Ադրբեջանը վստահ է, որ այդ նախագիծը հսկայական ռազմավարական, ինչպես նաեւ տնտեսական նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար: Արժե նշել նաեւ, որ տվյալ նախագծի իրագործումից հետո այն կդառնա տարածաշրջանային անվտանգության համակարգի մի մասը: Ադրբեջանը միշտ կատարել է միջազգային համաձայնագրերի շրջանակներում իր վերցրած պարտավորությունները եւ նման մոտեցում է ակնկալում նաեւ այդ համաձայնագրերի շրջանակում իր գործընկերներից»,-ասել է Հասանովը:

Հիշեցնենք, որ վրացական «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի տարածքով Ադրբեջանը Թուրքիային միացնող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությանն առնչվող որոշ հարցեր ունի եւ մտադիր է Բաքու կատարելիք այցի ժամանակ այդ հարցերը բարձրացնել Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպմանը:

Վարչապետը նաեւ նշել էր, որ Վրաստանի նպաստավոր աշխարհագրական դիրքը «համագործակցության եւ ճիշտ օգտագործման կարիք ունի»: «Մենք շատ ժամանակ ենք  ծախսում այդ հարցի վրա: Այդ նպատակին է ծառայում Ադրբեջան իմ այցը:  Ես նաեւ նախատեսում եմ այցելել Հայաստան եւ Թուրքիա», - հայտարարել էր նա, հաղորդում է Civil.Ge-ն:

Ի պատասխան վարչապետի հայտարարության՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունից հրաժարվելը Վրաստանին Ռուսաստանի գերին կդարձնի: