2012թ-ին խորհրդարանական ընտրությունների միջոցով հերթական անգամ հնարավորություն կար, որ երկրում արմատական բարեփոխումներ իրականացնենք, բայց  ունեցանք հերթական կեղծված ընտրությունները: Այս մասին այսօր` դեկտեմբերի 24-ին հրավիրված ասուլիսին ամփոփելով 2012 թվականը, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա միաժամանակ նկատեց, որ բարեփոխումներ էլ կան` այս ընտրությունները ավելի քաղաքակիրթ էին, մամուլը ավելի ազատ էր, ծեծկռտուք, լցոնումներ չկային, եւ իր խորհրդարանական աշխատանքի արդյունքում հեռուստատեսային գովազդի գները էժանացան: Մարտիրոսյանը որպես առկա խնդիր առանձնացրեց ուռճացված ընտրացուցակները:«Եթե հիմք ընդունենք այդ ընտրացուցակները, ապա կստացվի, որ Հայաստանում 3 միլիոն հայ է ապրում, բայց դա այդպես չէ: Իսկ վարչական ռեսուրսները անխնա եւ տոտալ ձեւով են օգտագործվում: Ընտրակաշառքը եւս շարունակվում է բաժանվել: Մնում է սրանց դեմ պայքարել»,- ասաց Արմեն Մարատիրոսյանը եւ ավելացրեց, որ դրանց դեմ պայքարելը ոչ թե ընդդիմության, այլ իրավապահ համակարգի խնդիրն է, ինչի համար պետք է իշխանությունների հրահանգը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով, ստեղծված իրավիճակում իրենք կարողացան անցնել խորհրդարան: «Ազատ Դեմոկրատների» հետ միասնական ցուցակով մասնակցությունը նա եւս սխալ չհամարեց: « Սա դաշինք չէր, այլ ժառանգության քաղխորհրդով հաստատված ցուցակ: Ցավում եմ, որ Քոքոբելյանի հետ կապված խնդիրներ առաջացան: Կատարվածը բացառապես Խաչատուր Քոքոբելյանի հետ կապված խնդիր էր»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:  Իսկ ներքաղաքական առումով ասաց, որ տարին պետք է ամփոփեն նախագահական մրցամարտից հետո: Հերթական անգամ հիշեցնելով Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաառաջադրման մասին` Մարտիրոսյանն ասաց, որ նա պայքարելու է, ոչ թե 2-րդ տեղի, այլ հաղթելու համար: Արմեն Մարտիրոսյանը քիչ հավանական համարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը կսատարի իրենց թեկնածուին` բացառությամբ ՀՅԴ-ի, հիմնավորելով, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունել է ՀՅԴ-ի 7 կետանոց առաջարկությունները: Բացի, այդ ՀՅԴ-ն դեռեւս նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրել:

Լուսանկարը՝  ԱրսենՍարգսյանի/NEWS.am