Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի քաղաքական կյանքում ամենաբրգաձեւ միավորումներից մեկն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, ցանկացած քաղաքական կուսակցության ներսում հնարավոր են տարբեր տեսակի տարաձայնություններ եւ ՀԱԿ-ն այս առումով բացառություն չէ: «Պետք է նշել, որ կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ, հնարավոր է ՀԱԿ-ի գործողությունների երեք տարբերակ.
1) ընդհանրապես թեկնածուի բացակայություն, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կշիռը,
2) Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրում,
3) Մեկ այլ, այսպես կոչված« «երիտասարդ» գործչի թեկնածության առաջադրում, իհարկե, նկատի չունենալով այդ թեկնածուի տարիքը»,-ասաց Իսկանդարյանը, հավելելով, որ երրորդ տարբերակը կարող է կիրառվել ՀԱԿ-ի քաղաքական պարտությունն արդարացնելու համար:
Անդրադառնալով ՀԱԿ-ի մաս կազմող «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի թեկնածության առաջադրմանը, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ ՀԱԿ-ի ներսում բրգաձու կառուցվածքի պատճառով բոլոր որոշումներն այնտեղ ընդունում է մեկ մարդ եւ, ամենայն հավանականությամբ, ՀԱԿ-ի առաջնորդը կամ կառաջադրի իր թեկնածությունը, դաշինքի մեկ ուրիշ անդամի թեկնածությունը: «Այդ մեկ ուրիշ անդամը կարող է լինել հենց Հրանտ Բագրատյանը»,-ամփոփեց նա:




























