Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2012 թ. հակամրցակցային գործողությունների համար նշանակել է ընդհանուր առմամբ 244 մլն դրամի տուգանք: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Վերոնշյալ ցուցանիշը 2011 թ. եղել է  351 միլիոն դրամ, 2010 է.` 37 մլն դրամ, 2009 թ.` 10 մլն դրամ:

Հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացրել բենզինի, դիզվառելիքի, պարարտանյութերի, կաթնամթերքի, երշիկի, դեղորայքի,  տրասնպորտի, հեռահաղորդակցության եւ այլ ոլորտներում: Ա. Շաբոյանը հատկապես աննախադեպ համարեց պետգնումների ոլորտում իրականացարած վարույթները, ինչը բազմաթիվ խնդիրներ վերհանեց բուժհաստատություններում, ծերանոցներում, մանկապարտեզներում:

Տնտեսվարողները բողոքարկել են միայն 4 վարչական ակտ, որոնցից 3-ով որոշում է կայացվել Հանձնաժողովի օգտին, 1-ի մասով դատավարությունը շարունակվում է: Համեմատության համար նշենք, որ 2011 թ. բողոքարկվել է 20 որոշում, որոնցից 14-ով դատարանը վճիռ է կայացրել Հանձնաժողովի օգտին, մնացած գործերով դատավարությունը ընթացքի մեջ է:

Ա. Շաբոյանը նշեց, որ կարեւոր է ոչ միայն պատասխանատվության միկջոցի կիրառումը, այլեւ կանխարգելիչ գործունեությունը: Սակայն` «երբեմն անբարեխիղճ տնտեսվարողները օգտվելով օրենսդրական սողանցքներից շրջանցում են օրենսդրությունը՝ դրսեւորելով անբարեխիղճ մրցակցության երեւույթներ: Այդ իսկ պատճառով ներկայացրել ենք մի շարք օրենսդրական առաջարկներ համապատասխան պետական մարմիններին»,- ասաց Ա.Շաբոյանը: