Սկսած 2010 թ. ՀՀ պետական բյուջեից հանվել է անտառվերականգնման ծրագիրը: Այդ մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած 2013-15 թ.թ. անտառապահպան ծրագրում:

Անտառվերականգնման ծրագիրը բացակայում է նաեւ 2012-14 թ.թ. միջինժամկետ ծախսային ծրագրերում: Այդ առթիվ գյուղնախարարության ծրագրում բառացիորեն նշված է հետեւյալը. «Պետական բյուջեից  ֆինանսավորման նվազման պատճառով «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը ստիպված է ավելացնել սեփական եկամուտները` անտառմթերման ե իրացման ծավալների ավելացման հաշվին»: Ստացվում է՝ պետությունը ոչ միայն չի վերականգնում անտառները, այլեւ խթանում է անտառահատումը:

Հայաստանը սակավանտառ լեռնային երկիր է, որի անտառային հողերը 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 459.9 հազ.հա, որից անտառածածկ հողերը` 334.1 հազ.հա: Անտառները պետական սեփականություն են: Նշված անտառային հողերի 74,8%, գտնվում է «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրինության ներքո:

Պետական բյուջեից անտառների պահպանման նպատակով տարեկան տրամադրվում է մոտ 800 մլն դրամ: Այդ գումարները հիմնականում ծախսվում են «Հայանտառի» աշխատակիցներին աշխատավարձ վճարելու համար: