Այս տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբում կփոխվեն ամերիկացի եւ ռուս համանախագահները: Այս մասին հայտնել է ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այդ կարգավիճակում իր վերջին այցելությունը կկատարի տարածաշրջան»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը նույնպես տարվա ընթացքում լքելու է համանախագահի պաշտոնը:

«Ես պատրաստվում եմ եւ հույս ունեմ, որ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում իմ ծառայության 7-րդ տարում ինձ թույլ կտրվի հեռանալ պաշտոնից: Կարծում եմ դա տեղի կունենա այս տարի»,- ասել է Մերզլյակովը:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակվել 2006 թվականի հունիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Սթիվեն Մաննին: Նկատենք, որ նախորդ ամիս ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը տեղեկացրել էր, թե ԱՄՆ կոնգրեսում ոչ պաշտոնական խորհրդակցություններ են ընթանում Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու ուղղությամբ: