Թուրքիայի Հաթայ նահանգում ավտոբուսի ուղեւորը վիճաբանել է ավտոբուսի վարորդի հետ եւ դանակահարելով սպանել նրան։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հաթայ նահանգում մի ավտոբուսում մի երիտասարդ փորձել է իջնել ավտոբուսի առջեւի դռնից, սակայն վարորդը նրան զգուշացրել է, որ առջեւի դուռը միայն ավտոբուս նստողների համար է նախատեսված։
Վարորդի զգուշացումը դուր չի եկել երիտասարդ ուղեւորին, ով պնդել է, թե որ դռնից կուզի, այն դռնից էլ կիջնի եւ սկսել է վիճել վարորդի հետ՝ ապտակելով նրան։ Մյուս ուղեւորները փորձել են միջամտել, սակայն երիտասարդը սպառնացել է մյուս ուղեւորներին։ Վիճաբանությանն ավարտվել է նրանով, որ երիտասարդը դանակահարել է վարորդին եւ արագ հեռացել։
Ավտոբուսի վարորդին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Ավտոբուսում գտնվող անվտանգության տեսախցիկը ֆիքսել է վիճաբանությունն ու վարորդին դանակահարելու պահը։





























