Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սխալ է համարել «ռուսական լրտեսների» ազատ արձակումը «Համաներման մասին» օրենքի հիման վրա, թեեւ ինքը վետո էր դրել այդ օրենքի վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Եթե ներկա կառավարությունն ու խորհրդարանը շատ էին ուզում ազատ արձակել ռուսական լրտեսներին, կարող էին գոնե պայմանավորվել եւ նրանց փոխանակել այն քաղաքացիների հետ, ովքեր նույն հոդվածով դատապարտվել են Ռուսաստանում եւ, իբր, աշխատել են Վրաստանի օգտին»,-ասել է Սահակաշվիլին, հավելելով, որ «ներկայումս Վրաստանի անվտանգության սպառնալիքներն զգալիորեն աճել են»:
Վրաստանի նախագահը մեղադրել է վարչապետին Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փորձի մեջ, հայտարարելով, որ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանը հեռացնում է Արեւմուտքից եւ մոտեցնում Ռուսաստանին:
Սահակաշվիլին հայտարարել է, որ «վարչապետը հենվում է ոչ թե արեւմտյան արժեքների, այլ Ռուսաստանի վրա, որի լրտեսներին ու գործակալներին ազատ է արձակում: Նա արդեն խոսում է Արեւմուտքի գրոհները հետ մղելու մասին, որը միշտ օգնել է Վրաստանին»: Սահակաշվիլին ընդգծել է, որ երկրի խորհրդարանի կողմից նախաձեռնված համաներումն ուղղված է Վրաստանում ռուսական ազդեցության ուժեղացմանը, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ի առավոտյան, վրացական բանտերից ազատ են արձակվել Վրաստանում քաղբանտարկյալի կարգավիճակ ունեցող բոլոր անձինք: Ընդհանուր առմամբ որպես քաղաբանտարկյալ ազատ է արձակվել 190 մարդ: Նրանց թվում են Կոբա Օտանաձեն, Լեվան Ամիրիձեն եւ Շոթա Գորգիաշվիլին, ովքեր ձերբակալվել էին Մուխրովանսկի գործով, բիզնեսմեն Բակուր Կիգուրաձեն, ով մեղադրվել էր լրտեսության մեջ եւ այլն:
Համաներման մասին օրենքն ուժի մեջ է մտել նախօրեին: Ըստ տվյալների, օրենքը կվերաբերի 17 000 դատապարտյալների: Բանտերը կլքի մոտ 3000 մարդ, հաղորդել է «Գրուզիա Online»-ը:





























