ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը նույնն ընտրություններն է ակնկալում եւ շեշտում, թե ինչպես կարող է հասարակության յոթանասունհինգ տոկոսը սիրել կոռուպցիան, անգրագիտությունը եւ այլն:  Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Իգիթյանը: 

«Եթե Սերժ Սարգսյանն է դժգոհ այս ամեն ինչից, եւ այդ մասին հայտարարում է, օրինակ՝ Կառավարության հայտնի նիստում,  ինչպես կարող է  հասարակությունը գոհ լինի»,- ասաց նա: Հովհանես Իգիթյանը նշեց, որ ընդդիմությունը հինգ տարիներին փորձում էր օգնել իշխանությանը լուծել այս հարցը, բողոքները հասցնել նախագահին, բայց ընդդիմության բոլոր ծրագրերը կատարելու համար հիմնական խոչընդոտը հենց իշխանությունն է:

Ասուլիսի մյուս բանախոսը՝  ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, վստահեցրեց, որ  այս ընտրությունները լինելու են օրենքի շրջանակներում, բացառիկ լավ ընտրություններ եւ ստեղծվելու է նոր իրավիճակ, իսկ իշխանությունը հասարակության կողքին միշտ կանգնած է:

Հովհաննես Իգիթյանը լավ ընտրությունների անցկացման հիմք չի տեսնում, քանի որ «նույն մարդիկ, որոնք մեղադրվում էին կեղծիքների մեջ, չեն պատժվել եւ նրանք ՀՀԿ-ի կողքին են»:  «Այսինքն՝ որտեղի՞ց պետք է հավատ ունենանք, որ Հայաստանում դեպի առաջ ենք շարժվում»,- ասաց նա: Նա նշեց, որ  ՀՀԿ-ն ում ուզենա, նրան էլ կդարձնի նախագահ: Արտակ Զաքարյանը չհամաձայնեց այդ մտքի հետ: Հովհաննես Իգիթյանը, դիմելով Արտակ Զաքարյանին, նշեց, որ վերջինս երկար տարիներ աշխատել է պետգնումներում, գիտի բոլոր մանրուքները: «Ձեր կուսակցության անդամները հայտարարում են տենդերները, շահում են դրանք եւ պարզվում է, որ միլիարդավոր դրամներ ուռճացվում են:  Հենց դուք գնացեք եւ նախաձեռնեք, վերացրեք»,- ՀՀԿ-ական պատգամավորին կոչ արեց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am