ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը չի կարծում, թե նախագահական ընտրություններին առաջադրվելով՝ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանությանը օգնում են, նրանց ջրաղացին ջուր են լցնում: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Իգիթյանը՝ շեշտելով, որ նրանք, ընդհակառակը, դժվարություններ կստեղծեն այս իշխանությունների համար: Նա նշեց, որ բոյկոտելը ավելի դժվար է, քան սեփական թեկնածուվ հանդես գալը: «Բոյկոտը նշանակում է, որ այնքան ուժ ունենաս, որ հասարակության մեծամանությանը համոզես, որ այն, ինչ կատարվում է, սխալ է, ակտիվ ձեւով արհամարհելը կարող է փրկել իրավիճակը»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում բոյկոտի փորձ երեւի ՀՀՇ-ն ունի:
Նա չի կարծում, որ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվելով հեռացավ քաղաքականությունից. «Չառաջադրվելը չի նշանակում, որ հեռացավ, ես էլ չեմ առաջադրվել, բայց քաղաքականության մեջ կմնամ ակտիվ»,- ասաց նա: Հովհաննես Իգիթյանը շեշտեց, որ անկախ ամեն ինչից, Լեւոն Տեր Պետրոսյանը արեց այն, որ հասարակության մեջ ավելի համարձակ են խոսում մի շարք բաների համար: Պատասխանելով Հրանտ Բագրատյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետնորդ կոչվելուն, նա նշծց, որ չի կարծում, որ նախկին վարչապետը նման կարիք ունի, քանի որ միշտ ցույց է տվել իր պրոֆեսիոնալիզմը եւ ակտիվ գործունեություն է ծավալել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























