Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոն գլխուղեղի ցնցումով տեղափոխվել է երեւանաբնակ 33-ամյա մի երիտասարդ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երիտասարդը հիվանդանոցում իրավապահներին պատմել է, թե ինքը ավազակային հարձակման է ենթարկվել, որի ընթացքում իրեն ծեծել են ու պատճառել մարմնական վնասվածքներ: Հափշտակել են իր մոտ եղած գումարը՝ մոտ վեց հազար դոլար, ինչպես նաեւ 2 միլիոն դրամ: Ըստ նրա` այդ ամենը տեղի է ունեցել «Տեցի կրուգ»-ի տարածքում:

Սակայն երբ իրավապահները սկսել են գնալ հանցագործության հետքերով, բացահայտել են, որ տվյալ երիտասարդը ցնցում է ստացել իր «իր իսկ ձեռամբ» ավազակային հարձակման ենթարկվելու պատճառով: Պարզվել է, որ նա խոշոր պարտքեր է ունեցել ու որոշել է կարճ ճանապարհով դրանցից ազատվել: Հորինել է այդ սցենարը եւ որպեսզի արժանահավատ լինի եւ վնասվածք ստանա, գլխով հարվածել է իր մեքենային այնքան, մինչեւ գլխուղեղի ցնցում ստանա: Այն հաջող գլուխ բերելուց հետո, շտապել է հիվանդանոց ու իր հետ կատարվածով «սարսափեցրել» բժիշկներին: