Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, պաշտոնաթող նախագահ կամ Հայաստանի քաղաքացի ինքն է որոշում առաջադրվել-չառաջադրվել՝ իր թիմի հետ խորհրդակցելով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Մեդիամաքսին» տված հարցազրույցին, որտեղ նա մեկնաբանել էր, թե ինչու չի առաջադրել իր թեկնածությունը: 

«Ամիսներ առաջ էլ ասել եմ,որ անկախ նրանից, ով կառաջադրվեր, պայքարը գնալու էր երկրորդ տեղի համար: Հանրապետականը եւ գործող նախագահը աշխատել են այս տարիների ընթացքում շատ ազնիվ, շատ արդար, շատ թափանցիկ եւ ամենակարեւորը՝ գնացել են երկխոսության ու համերաշխության ճանապարհով», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը առանձնացրել էր: երեք հիմնական հանգամանք, որը դրդում է իրեն ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց:

«Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:

Երկրորդը` չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը:

Եվ երրորդը: Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս:

Սրանք, իհարկե, հիմնարար գործոններ չեն, բայց ես համարեցի, որ դրանք էմոցիոնալ եւ էթիկական տեսանկյունից բավականաչափ ծանրակշիռ են: Այդ պատճառով էլ սահմանափակվում էի կարճ հարցազրույցներով, այն էլ միայն այն դեպքերում, երբ իրավիճակին չարձագանքելն ուղղակի անհասկանալի կլիներ»,- ասել էր Քոչարյանը: