Վրաստանի ԱԳՆ-ն հունվարի 15-ին Facebook սոցիալական կայքում տարածել է Լիտվայում  նախարար Մայա Փանջիկիձեի հունվարի 10-ի ելույթի տեսագրությունը: Ելույթի ընթացքում նա խոսել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից: Նրա ելույթը ոչ միանշանակ էր ընկալվել մի շարք լրատվամիջոցների կողմից: 

Հիշեցնենք, օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հունվարի 10-ին Լիտվայում գտնվելիս Փանջիկիձեն իբր հայտարարել էր, թե   «ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի  տարածքային ամբողջականության օգտին»: Վրացական լրատվամիջոցները դրանից հետո ենթադրել էին, որ նման հայտարարությունը սպառնալիքի տակ կարող է դնել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի  հունվարի 17-ին նախատեսված այցը Հայաստան: Մինչդեռ, հայկական լրատվամիջոցները գրել էին, որ իրենց ադրբեջանցի գործընկերները կեղծ տեղեկություն են տարածել, եւ Փանջիկիձեն  վերոնշյալ հանդիպման ընթացում նշել էր, թե «հարգում է Ադրբեջանի  տարածքային ամբողջականությունը», սակայն Լեռնային Ղարաբաղը չէր հիշատակել:

Ըստ տեսագրության՝ ելույթի ընթացքում Փանջիկիձեն աջակցություն էր հայտնել Ադրբեջանի  տարածքային ամբողջականությանն ընդհանրապես, սակայն Լեռնային Ղարաբաղը չէր հիշատակել: Վրաստանի ԱԳՆ-ի ղեկավարը նշել էր տարածքային հակամարտություններից ցանկացածի առանձնահատկությունը եւ  դրանց կարգավորմանը կողմ արտահայտվել:

«Հունվարի 10-ին Լիտվա պաշտոնական այցի շրջանակում Մայա Փանջիկիձեն Լիտվայի խորհրդարանի Եվրոպական ակումբում ելույթ էր ունեցել «Վրաստանի արտաքին քաղաքականությունն ընտրություններից հետո» թեմայով: Ցավոք, մի շարք լրատվամիջոցներ սխալ էին մեկնաբանել նախարարի ելույթը: Գոյություն ունի այդ հանդիպման տեսագրությունը, որտեղ նախարարը միանշանակ նշում է իր դիրքորոշումը հարեւան երկրի իրադրության նկատմամբ, ինչն էլ հաստատում է, որ նախարարի խոսքերի այլ մեկնաբանություն գոյություն չունի», -  նշվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է «Նովոստի Գռուզիան»: