Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի ութերորդ նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հաստատված օրակարգի համաձայն` քննարկվել են քաղաքաշինության պետական տեսչության, աուդիտորական պետական տեսչության եւ կրթության պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը: Աուդիտորական վերահսկողության պետական տեսչության մասով ներկայացված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերն արժանացել են խորհրդի հավանությանը, իսկ քաղաքաշինության եւ կրթության պետական տեսչությունների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերն ուղարկվել են լրամշակման:

Խորհրդի հավանությանն են արժանացել նաեւ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 6 ստուգաթերթերը, շուկայի վերահսկողության պետական տեսչության եւ օրինականության վերահսկողության պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը, հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության թվով 36 ստուգաթերթերը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման հետ կապված խնդիրներին: