Հրանտ Դինքի սպանության մեջ անվտանգության մի քանի աշխատակիցների դերի հետաքննությամբ զբաղվող դատախազը ներկայացրել է սպանության ետեւում կանգնած հանցավոր ցանցի հիերարխիկ կառուցվածքի վերաբերյալ իր պատկերացումները:
Ինչպես գրում է թուրքական «Today`s Zaman»-ը, դատախազ Մումեր Աքքաշը, ձեռք բերված ապացույցների հիման վրա, Դինքի գործով յուրաքանչյուր կասկածյալի կազմակերպության հիերարխիկ սխեմայի մեջ է դրել, ինչը, ըստ Դինքի ընտանիքի փաստաբնների, շատ կարեւոր զարգացում է:
Մեղադրող կողմը նաեւ պահանջել է Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) կազմած զեկույցը, որում կապ է հաստատվել Դիքնին սպանողների եւ հատուկ գործողությունների դեպարտամենտի միջեւ, որը պաշտոնապես գոյություն չունի: Դա այն ստորաբաժանման անվանումն է, որն ավելի ուշ անվանվել է Թուրքիայի ԶՈւ մոբիլիզացիոն ստորաբաժանում: Զեկույցը կներառվի մեղադրական եզրակացության մեջ որպես սպանությունն իրագործողների եւ ուժային կառույցներում ապօրինի խմբավորման միջեւ եղած կապի եւս մեկ ապացույց:
Նշենք, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության զեկույցը Դինքի սպանության վերաբերյալ հրապարկվել էր անցած շաբաթ: Այնտեղ նշվում է, որ Դինքի սպանությունը դավադրության մի մասն էր, որը նախապատրաստվել եւ իրագործվել է Գլխավոր շտաբի հատուկ գործողությունների դեպարտամենտի ներսում ստեղծված խմբի կողմից:
Մեկնաբանելով դատախազի կողմից կազմված հանցավոր կազմակերպության սխեման, Դինքի գործով հայցվոր կողմի պաշտպան Բահրի Բելենն ասել է. «Շատ կարեւոր է, որ մեղադրող կողմը պահանաջել է զեկույցը: Դա ամբողջությամբ համապատասխանում է նրան, ինչպես որ մենք էինք ցանկանում տեսնել Դինքի գործի քննությունը: Մենք չենք կարող երազել ժողովրդավարության մասին անգամ, եթե հատուկ գործողությունների դեպարտամենտի նման կառույցները չմերկացվեն: Հետաքննության առաջին իսկ օրը պարզ էր, որ գոյություն ունի կազմակերպական օղակ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի գերագույն վճռաբեկ դատախազությունը անցած շաբաթ նշել էր, որ 2007թ. հունվարին հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը ծրագրված եւ համակարգված էր հանցավոր խմբի կողմից, որը ձգտել է հարված հասցնել երկրի հեղինակությանը` ստեղծելով քաոս եւ անվստահութան մթնոլորտ:





























