Հայաստանի հարաբերությունները Վրաստանի հետ պետք է լինեն ոչ միայն բարիդրացիական եւ գործընկերային, այլեւ պետք է ունենան ռազմավարական բնույթ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Դավիթ Շահնազարյանը` մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը Հայաստան:
«Շատ կարեւոր եւ հաջողված այց էր, բարձր եմ գնահատում այն: Հատկանշական է նաեւ, որ վարչապետ Իվանիշվիլին առաջին երկրներից մեկը, որն այցելեց՝ Հայաստանն էր: Երեւանում ստորագրված երկու փաստաթղթերը կարեւոր նշանակություն ունեն հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում»,- արձանագրեց Շահնազարյանը:
Վերջինս նշեց, թե Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է լինեն ոչ միայն գործընկերային, այլեւ պետք է բարձրացվեն մինչեւ ռազմավարական մակարդակ: «Այդ իմաստով կարծում եմ`հայ-վրացական հարաբերությունների հետագա խորացման համար նախ անհրաժեշտ է ավարտին հասցնել հայ-վրացական սահմանի սահմանազատման հարցը եւ ստորագրել այդ համաձանագիրը: Նման հարց Վրաստանն ունի նաեւ Ադրբեջանի հետ, եւ մեր շահերից է բխում, որպեսզի պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի, ավելի շուտ, քան Ադրբեջանի հետ»,- նկատեց Շահնազարյանը`հավելելով, որ դա հիմք կհանդիսանա Հայաստանի ու Վրաստանի միջեւ ազատ առեւտրի ռեժիմի հաստատման հասնելու, իսկ դա արդեն երկու երկրների համար էլ ունի ռազմավարական նշանակություն:
«Եւ երրորդ խնդիրը, որ օրակարգում պետք է լինի․ հաշվի առնելով, որ արդեն Եվրամիության երկրների համար Հայաստանը վերացրել է վիզային ռեժիմը (Վրաստանը դա վաղուց էր արել), պետք է ընդհանրապես հայ-վրացական սահմանից վերացնել բոլոր տեսակի անցակետերը։ Հայաստանի եւ Վրաստանի սահմանը պետք է լինի բաց, ինչպես Շենգենյան երկրների միջեւ սահմանները: Մի քանի տարի առաջ այս հարցի շուրջ արտահայտվել եմ, եւ վրացական մամուլը, քաղաքական շրջանակները բավական դրական էին արձագանքել: Այս հարցը շատ կարեւոր է»,- ասաց Դավիթ Շահնազարյանը եւ հավելեց. «Ժամանակն է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սկսվի ռազմավարական երկխոսություն բոլոր հարթակներում՝ իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագիտական շրջանակներ: Հարաբերությունների նման մակարդակը Հայաստանի ու Վրաստանի շահերից է բխում, դա նաեւ էապես կնպաստի, որպեսզի երկու երկրները համահունչ եւ արդյունավետ իրականացնեն եվրոպական արտաքին քաղաքականություն, որ երկու երկրներում էլ անշրջելիորեն հաստատվեն եվրոպական արժեքները: Հայ-վրացական ռազմավարական հարաբերությունները կարող են որակապես ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Հայաստան-Վրաստան ռազմավարական երկխոսություն սկսելու պահն առավել քան հասունացել է»:





























