Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ` հունվարի 18-ին կայացած նիստում մերժել է նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի կայքից:
Հիշեցնենք, որ նա հանձնաժողովից խնդրել էր ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, Հայաստանից հեռացածների ու ՀՀ քաղաքացիությունից դուրս եկածների մասին տեղեկատվություն: Ըստ ԿԸՀ որոշման` ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների եւ ՀՀ քաղաքացիությունից դուրս եկածների մասով դիմումը վերահասցեագրվել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն:
Ինչ վերաբերում է Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանից հետացածների մասին տեղեկատվությանը, ապա ԿԸՀ-ն որոշել է այն մերժել, քանի որ այլ սուբյեկտներին հանձնարարականներ տալու ու նման տեղեկատվություն հավաքելու, հրապարակելու լիազորություններ չունի:
Անդրադառնալով ԿԸՀ որոշմանը եւ առհասարակ հունվարի 21-ից մեկնարկող քարոզարշավին` նախագահի թեկնածու Արման Մելիքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ԿԸՀ որոշումից հետո մտածում են, թե ինչպես լրացնել մարտավարությունը եւ հասնել նրան, որ պահանջները դառնան քաղաքական օրակարգի հարց: «Մեր համագործակցության առաջարկությունը ԿԸՀ-ն, ընդհանուր առմամբ մերժեց, եւ ԿԸՀ-ի որոշումը մտորելու տեղ է տալիս»,- ասաց նա:
Արման Մելիքյանը դեռեւս մտածում է` սկսել քարոզարշավ հունվարի 21-ին, թե ոչ, ինչ ձեւաչափով անել, երբ եւ որտեղ: Չի բացառվում, որ նախագահի թեկնածուն քարոզարշավ չանի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























