Հայ հայտնի լրագրող, հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը եւ հաջորդած դեպքերը հարկավոր է դիտարկել երեք հարթություններում՝ իրավաբանական, քաղաքական եւ հասարակական։ Այդ մասին այսօր՝ հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Իրավաբանական հարթությունում, հիմնվելով հայտնի միջազգային իշավապաշտպանական կազմակերպությունների հայտարարությունների վրա, կարելի է ասել, որ Հրանտ Դինքի սպանության գործով դատական ողջ գործընթացը վերածվեց իրավաբանական ֆարսի, խախտվեցին ամենատարրական նորմերը»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ նրա՝ քաղաքական հարթությունը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ Թուրքիայի տարբեր  բարձրաստիճան անձինք խոստացան անել ամեն հնարավորը սպանության մանրամասները պարզելու համար, սակայն թուրք շատ պաշտոնյաներ, որոնք կապ ունեին սպանության կազմակերպման հետ, ոչ միայն չներգրավվեցին  դատական գործում, այլեւ բարձր պաշտոններ ստացան։ «Թուրքիայի իշխող կուսակցությունը Հրանտ Դինքի սպանությունն օգտագործում է սեփական ներկուսակցական շահերը բավարարելու համար»,- ընդգծել է թուրքագետը։

Անդրադառնալով երրորդ՝ հասարակական հարթությանը, նա եզրակացրեց, որ Հրանտ Դինքի սպանությունը թուրք հասարակության մեջ Հայաստանի եւ հայերի նկատմամբ վերաբերմունքում որոշակի  բեկում մտցրեց, պետական թեորիայից միանգամայն տարբեր մենթալիտետ ձեւավորվեց։