Վրաստանի իրավապաշտպանները ցանկանում են Վահագն Չախալյանին մտցնել Վրաստանի քաղբանտարկայլների ցուցակի մեջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Նա հիշեցրել է, որ Չախալյանն արդեն կրել է նշանակված տասը տարվա ազատազրկման 4.5 տարին:
Հայկական ծագում ունեցող բանտարկյալների հարցն արդեն քննարկվել է, երբ իշխանության է եկել Իվանիշվիլին, սակայն Չախալյանի անունը չի ընդգրկվել այն 190 քաղբանտարկյալների ցուցակում, որոնց ներման օրենքի համաձայն ազատություն է շնորհվել: «Այդ հարցում զգալի առաջընթաց կա, մասնավորապես Մելիք Ռաիսյանի կապակցությամբ, որը մինչ այդ չէր կարող Վրաստան վերադառնալ, հիմա իրավունք ունի դա անելու»,- նշել է Մելիքյանը:
Վերջում նա կոչ է արել Հայաստանի նախագահի թեկնածուներին զերծ մնալ Վրաստանի հետ կապված չմտածված արտահայտություններից: «Վրաստանն աչալրջորեն հետեւում է ցանկացած այդպիսի արտահայտությանը: Ուստի, եթե մենք չենք ցանկանում մեզ հարեւան երկրում հակահայկական տրամադրությունների աճն, ապա ավելի լավ է զերծ մնալ ագրեսիվ արտահայտություններից»,- ավելացրել է Ջ. Մելիքյանը:




























