Ադրբեջանցի հովիվները Դավիթ-Գարեջիի տարածքում՝ Բերտուբանիում, դաշույնների օգնությամբ ոչնչացնում են որմնանկարների բեկորները։ Այս մասին վրացական Կախեթի տեղեկատվական կենտրոնին հայտնել է պատմաբան Ալեքսանդր Էլերդաշվիլին։

Նրա խոսքով, Բերտուբանին տեղակայված է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող գոտում։ Մտահոգիչ է նաեւ այն, որ հովիվների հետ մեկտեղ որմնանկարները ոչնչացնում են նաեւ ադրբեջանցի սահմանապահները։
«Այն, ինչ այնտեղ է կատարվում, վանդալիզմ է»,- նշում է Սագարեջոյի շրջանում ապրող պատմաբանը։

Արժե նշել, որ սա Ադրբեջանի կողմից վանդալիզմի դրսեւորման առաջին դեպքը չէ։ Այդպիսիք կատարվում են պարբերաբար, սակայն մնում են երկրի իշխանությունների ուշադրությունից դուրս կամ բարդվում են հայկական կողմի եւ «անհայտ ուժերի» վրա։

Հունվարի սկզբին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին Ղազախի շրջանի Ղըզըլղաջիլի գյուղի տապանաքարերի ոչնչացման մասին։ Այն ժամանակ եւս հանցագործության մեջ մեղադրվել էր հայկական կողմը՝ չնայած այն բանին, որ գերեզմանատունը գտնվում է ադրբեջանցի զինվորների հսկողության տակ։

Ավելին, դրանից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գլխավոր դատախազությունը եւ ԱԳՆ-ն հանդես եկան հայտարարությամբ, որ դեպքը հետաքննվում է եւ «եթե ապացուցվի, որ դա հայերն են արել, Ադրբեջանը կդիմի միջազգային կազմակերպություններին»:

Հակառակն ապացուցել, հավանաբար, այլեւս չի հաջողվի այն պատճառով, որ քարոզչամեքենան ջնջել է ադրբենցիների բանականության բոլոր հնարավոր բաղադրիչները։ Ոչ միայն օտար, այլ նաեւ հարազատների շիրիմների հանդեպ անհարգալից վերաբերմունքը կարող է վանդալիզմի պատճառ դառնալ Ադրբեջանի մայրաքաղաքում։

Հունվարի 27-ին հայտնի էր դարձել Բաքվի Սուրախանի շրջանում գտնվող գերեզմանատան մի քանի տասնյակ տապանաքարերի ոչնչացման մասին։

Այստեղ, անկարող լինելով մեղադրել հայերին, դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ տեղյակ չէ, թե ովքեր են կատարել հանցագործությունը, եւ որ դա խուլիգանություն է։

Սակայն, պատմության լույսի ներքո նայելիս՝ նմանօրինակ դեպքերը այնքան էլ զարմանալի եւ աբսուրդ չեն։ Միայն Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը բավական է դատելու այդ ազգի որոշ ներկայացուցիչների իրական դեմքի մասին։ 2002-ի ավարտին ադրբեջանցի զինծառայողները ոչնչացրել էին ՅՈՒՆԵՍԿՈ-ի ժառանգություն համարվող Ջուղայի հայկական 3000 խաչքարեր։ Իսկ 2005թ. դեկտեմբերին ադրբեջանցի զինծառայողները ծանր մուրճերով ջարդել էին խաչքարերի վերջին մնացորդները եւ դրանք լցրել Արաքս գետը։

Եթե հաշվի առնենք, որ այդ երկրում ոչինչ չի կատարվում առանց հրամանի եւ բարձր ատյանների ցուցումի, պարզ է դառնում, թե ով է իսկական վանդալը։