Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը հայտարարել է, թե տարբեր ժամանակներունմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի դեմ մահափորձեր են կազմակերպվել, որոնք կանխվել են։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մուհարեմ Ինջեյի գրավոր հարցադրմանը, թե վարչապետի դեմ քանի՞ մահափորձ է եղել, պատասխանել է Ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը՝ շեշտելով, թե տարբեր ժամանակներում թե վարչապետ Էրդողանի, թե նախագահ Գյուլի դեմ մահափորձեր եղել են, սակայն դրանք կանխվել են։

Թուրք նախարարը նշել է, որ Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել են 7 հոգի։ Նա հիշեցրել է մի դեպք, երբ վարչապետ Էրդողանը փորձել է կուսակցական ավտոբուս նստել, իսկ այդ ընթացքում կասկածելի մի անձնավորություն եւս փորձել է բարձրանալ ավտոբուս։ Ոստիկանությունը խուզարկել է կասկածելի անձին եւ նրա ձեռքի պայուսակում գտնվող 2 հացերից մեկում հայտնաբերել ատրճանակ։