Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «այնքան էլ կոռեկտ» չի համարում  կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությունը:

«Դեսպանի մակարդակով ընտրություններից առաջ գնահատական տալ այն մասին, թե ինչ կլինի հետո, կարծում եմ այնքան էլ կոռեկտ չէ: Բայց դա նրա որոշումն է: Եթե որոշել է նման հայտարարություններ անել, ապա հարկ է մտածել,  թե հանրային ինչպիսի արձագանք կլինի  եւ ինչ տրամադրություններ կստեղծվեն նման քայլի հետեւանքով»,-  հունվարի 24-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Օրերս Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն իր բլոգում մեկնաբանել էր Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները: Այլ մեկնաբանությունների թվում նա ափսոսանք էր հայտնել, որ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր երեք հիմնական ուժերը սեփական թեկնածուներ չեն առաջադրել եւ ոչ ոքի չեն սատարում: Դեսպանն անդրադարձել էր նաեւ բնակչությա վստահությանը եւ ընտրացուցակներին: