Ոչ ոք ազգային խորհրդանիշներն արատավորելու իրավունք չունի, իսկ նրանք, ովքեր իրենց նման բան են թույլ տալիս, պետք է պատժվեն: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ի մամուլի ասուլիսում նշել է ռեժիսոր Արշակ  Զաքարյանը:

Նրա խոսքով՝ վերջին օրերին ցանցում հայտնվել եւ թե հայ, թե ադրբեջանցի օգտատերերի կողմից ակտիվ տարածվում են տեսահոլովակներ, որոնցում ծաղրի է ենթարկվում հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհի անունը: Բացի այդ, Հայաստանի զինանշանի եւ դրոշի կողքին անթույլատրելի գրառումներ են արվում:

«Հասկանալի է, որ տեսահոլովակների հեղինակները, որոնք բացահայտ են գործում, Գարեգին Նժդեհին կամ պետականության խորհրդանիշները ծաղրելու նպատակ չէին հետապնդում, այլ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դեմ էին ուղղված: Սակայն պետք է հիշել, որ մենք ունենք թշնամիներ, որոնք հրճվանքով սկսում են տարածել նման նյութերը՝ ծիծաղելով եւ ծաղրելով մեր երկիրը», - ասել է ռեժիսորը եւ հավելել, որ դիմել է համապատասխան կառույցներ՝ խնդրելով պաշտպանել այն, ինչը պետական պաշտպանության ներքո պետք է գտնվի:

Բացի այդ, ըստ ռեժիսորի, չի կարելի ֆիլմն առանց դիտելու քննադատել:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am