Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները մրցակցային կլինեն: Այլ հարց է, թե որ թեկնածուների միջեւ կընթանա այդ մրցակցությունը: Այս մասին հունվարի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդների միջեւ մրցակցություն գոյություն ունի: Իհարկե, այդ մրցակցությունը չի վերաբերվում Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն մնացած թեկնածուները մրցակցում են միմյանց հետ, օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Հրանտ Բագրատյանի համար մեկ չէ, թե ինչքան ձայն կհավաքեն: Չէ՞ որ նախագահական ընտրություններով ոչինչ չի ավարտվում»,- նշել է քաղաքագետը:

Նրա խոսքով` բացի գործող նախագահից, հիմնական խաղացող են համարվում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Րաֆֆի Հովհաննիսյանը, որը լավ գիտի երկիրը, «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը նույնպես երկրում լավ հայտնի է, ինչպես նաեւ «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը, որն եւս կարող է  մեծ թվով քվեներ ակնկալել: