Այսօր հայրենասիրական ֆիլմերի պահանջ ունենք: Այսպիսի կարծիք հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտել է ռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Նա հիշեցրել է, որ նույնիսկ Սովետական Միության տարիներին նկարահանվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ձորի Միրոն» եւ «Նահապետ»-ը, եւ ցավով նշել է, որ անկախության տարիներին նման ֆիլմեր չեն նկարահանվել մինչեւ «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որի պրեմիերան կկայանա հունվարի 28-ին:
Ռեժիսորը նաեւ իր համոզմունքն է հայտնել, որ հայրենասիրական ֆիլմեր նկարահանելու համար կարիք չկա արտասահմանյան հայտնի ռեժիսորներ հրավիրել: «Նման ֆիլմեր նկարահանելու համար անհրաժեշտ է մեր պետության եւ իշխանությունների աջակցությունը: Եւ պետք չէ նստել ու որոշել` արժե արդյոք դիմել Սփիլբերգին, կամ, օրինակ Մել Գիբսոնին` հայերի ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու համար: Մենք ունենք մեր ռեժիսորներին»,-ասել է նա` ավելացնելով, որ հայ հասaրակության մեջ կարծիք կա, որ «ամենահամեղ» ֆիլմերը բաժին են ընկնում Հրաչյա Քեշիշյանին:
«Ես չգիտեմ, թե որտեղից է առաջացել այդ կարծիքը: Բայց ես համոզված եմ, որ մենք ունենք մեր լավ հայտնի ռեժիսորներին, որոնց թվում են Ռոման Բալայանը, Արտավազդ Պելեշյանը, Կարեն Շախնազարովը, որոնց հայերի ցավը լսածով չէ, որ ծանոթ է եւ որոնք կարող են գլուխ հանել այդ խնդրից»,- ասել է նա:





























