Հայաստանում կան նախագահական ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու բոլոր հնարավորությունները: Այդ մասին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է Հայաստանի նախագահի թեկնածու,  գործող նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:  Թեեւ ընտրությունների անցկացման համար առաջին հերթին իշխանությունն է պատասխանատու, պատասխանատվության բաժին ունեն նաեւ մնացած քաղաքական ուժերը:

«Մենք լավագույն ընտրություններ անցկացնելու բոլոր հնարավորություններն ունենք: Առանց ազատ եւ արդար ընտրությունների չի կարելի պատկերացնել Հայաստանի ապագան: Վստահ եմ, շատ քաղաքացիներ գիտակցում են այս պարզ ճշմարտությունը եւ անում են ամեն հնարավորը, որպեսզի փետրվարի 18-ին հանրապետության բնակչությունը եւ մեր միջազգային գործընկերները հենց նման ընտրությունների փաստ արձանագրեն: Ձեզ հայտնի է, որ Հայաստանում քաղաքացիները բավական ազատ են արտահայտում իրենց համոզմունքները: Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխություններ են կատարվել, եւ մարդիկ ցանկացած պահի  իրենց գաղափարները հրապարակավ արտահայտելու հնարավորություն ունեն՝ անկախ այն բանից՝ դա մեզ հաճելի է, թե ոչ:  Կան  քաղաքական ուժեր, որոնք փորձում են (եւ դա մեզ համար օգտակար է) բոլոր ոլորտներում մեր գործունեության մեջ թերություններ գտնել: Այժմ նրանք փորձում են  թերություններ գտնել նախընտրական գործընթացում՝ մոռանալով, որ  այստեղ իրենք նույնպես մեղավոր են: Առաջին հերթին պատասխանատվությունը, իհարկե, իշխանությունն է կրում, սակայն որոշակի չափով՝ նաեւ մնացած ուժերը:

Մեր խնդիրն է քաղաքացիներին չստիպել գնալ ընտրատեղամաս, այլ այնպես անել, որպեսզի նրանք կարողանան ազատ արտահայտել իրենց կամքը: Ես սա ասում եմ, քանի որ լինում են մարդիկ, ովքեր մեզ փորձում են դրանում մեղադրել՝ քննադատության այլ պատճառ չգտնելով:  Այդ պատճառով կոչ եմ անում ակտիվ լինել, ազատ ընտրություն կատարել: Ցանկանում եմ, որ սպասվող ընտրություններն անցնեն բարձր մակարդակով, վստահ եմ, ձեզնից շատերի ցանկությունը համընկնում է իմ ցանկությանը»,-  ասել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 21-ից:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am