Հունվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի: Պատվիրակության կազմում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի մշակույթի, սպորտի, կրթության եւ գիտության անվանի գործիչներ:
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, թե հանդիպմանը Վեհափառ Հայրապետը ողջունեց պատվիրակության այցը Հայաստան եւ Մայր Աթոռ` վստահություն հայտնելով, որ նրանց ներկայությունը մեծ խանդավառություն կպարգեւի հայ ժողովրդի զավակներին: Ուրախություն հայտնելով «Գյումրին` 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հայտարարելու որոշման եւ ծրագրվող միջոցառումների կապակցությամբ` Նորին Սրբությունը նշեց, որ այն վստահաբար պիտի նպաստի ինչպես մշակութային հարուստ ժառանգություն եւ ավանդներ ունեցող Գյումրի քաղաքի մշակութային կյանքի առավել ակտիվացմանն ու զարգացմանը, այնպես էլ միջպետական մշակութային համագործակցության ամրապնդմանն ու զորացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց նման միջոցառումների իրականացումը ժողովուրդների կյանքում` ընդգծելով, որ դրանք օգնում են հասարակության կյանքից հեռու վանելու պարտադրվող կեղծ արժեքները եւ շարունակելու ապրել իրենց դարավոր պատմական փորձառությամբ ձեւավորված ու սնված հոգեւոր-բարոյական արժեքներով:
Այնուհետեւ հիմնադրամի այս ծրագրի կարեւորությանն անդրադարձավ հիմնադրամի համանախագահ, միջպետական մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Իր խոսքում նա նաեւ նշեց, որ հոգեւոր կյանքի ու մշակութային համագործակցության համար պետական սահմաններ գոյություն չունեն` հույս հայտնելով, որ 2013 թ. ԱՊՀ երկրների կյանքում կնշանավորվի մշակութային նոր իրագործումներով: Իրենց սրտի խոսքը Ս. Էջմիածին այցի առիթով արտահայտեցին նաեւ ՌԴ պետական եւ հասարակական գործիչ Իրինա Ռոդնինան, Բելառուսի տեղեկատվության նախարար Օլեգ Պրոլեսկովսկին, ՌԴ վաստակավոր արտիստ Եվգենի Պետրոսյանը եւ ՌԴ Կինեմատոգրաֆիայի պետական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Սվանիդձեն:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց պատվիրակության կազմում ընդգրկված նշանավոր գործիչներին` մաղթելով, որ Աստծու ամենակարող Աջի հովանու ներքո շարունակեն հաջողությամբ իրականացնել մարդկանց հոգեւոր-մշակութային կյանքը հարստացնող իրենց կարեւոր առաքելությունը:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ եւ Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:





























