Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանի ընտրազանգվածը կտրոհվի: Այս մասին հունվարի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Նախընտրական քարոզարշավն ընդամենը PR է: Դրա համար կարող են օգտագործվել տարբեր տեխնոլոգիաներ: Քանի որ շատ մարդիկ կկողմնորոշվեն վերջին պահին միայն, մի քանի թեկնածուների համար կարեւոր կլինի ձեռք բերել Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Տեր Պետրոսյանի եւ ՀՅԴ-ի ձայները»,- նշել է նա: ՀԱԿ առաջնորդի ընտրազանգվածի տրոհումը քաղաքագետը բացատրել է նրանով, որ տվյալ ընտրազանգվածը բաղկացած է քաղաքականացված մարդկանցից, որոնց մի մասը չի կարող չգնալ ընտրությունների եւ կքվեարկի Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:

Ինչ վերաբերվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածին, փորձագետն ընդգծել է` գաղափարականացված չլինելն ու հստակ գաղափար չունենալը նրանց եւս կտրոհի: Բայց, թե որ ուղղությամբ` Իսկանդարյանը չպարզաբանեց: