Հրաժարվելով շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման նախաձեռնությունից՝ Ադրբեջանն իր վրա է վերցնում դրանց պատասխանատվությունը: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ նրա՝ բանակցային գործընթացում առաջընթաց չկա հենց Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման պատճառով: Այնուամենայնիվ, նախարարն ընդգծել է, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն:

Դիտարկմանը, թե Բաքվում պնդում են, որ իրենց դիրքորոշմանն աջակցում է միջազգային հանրությունը, Նալբանդյանը պատասխանել է. «Բաքվում այնքան երկար են փորձել խաբել սեփական ժողովրդին, որ արդեն իրենք էլ են սկսում հավատալ իրենց ասածին»:

Այս առթիվ նա հիշել է ԻԿԿ-ի եւ Չմիավորման շարժման հայտարարությունները, որոնց վրա հիմնվում է Ադրբեջանը. «Ցանկանում եմ հիշեցնել, որ ոչ առաջինը , ոչ էլ երկրորդը ղարաբաղյան կարգավորմամբ չեն զբաղվում: Կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով է ընթանում, որի շրջանակում ընդունված հայտարարությունները համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը», - ասել է նախարարը եւ հավելել, որ Ադրբեջանը միաժամանակ համատեքստից տարածքներին վերաբերող մի հատված է առանձնացնում եւ դրա հետ համաձայնում: Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի դիրքորոշումը հետեւյալն է. այս դրույթին համամիտ ենք, մնացածները հետո կքննարկենք: