Կիեւի կենտրոնում՝ Անկախության հրապարակում (մայդանում) ուրբաթ երեկոյան հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի մի քաղաքացու՝ զինված տրոտիլով եւ էլեկտրոդետոնատորով: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, հայտարարել է անցվտանգության ծառայության ներկայացուցիչ Վալենտին Նալիվայչենկոն՝ «Ինտեր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, ձերբակալվել է 1968թ. ծնված մի քաղաքացի, նրա մոտ հայտնաբերվել է զենք եւ անձնագիր, որի օրինականությունն այս պահին ստուգվում է: Քննությունը լուրջ կասկածներ ունի, որ նա մտադիր էր հանցագործություն կատարել կամ պայթյուն իրականացնել Կիեւի հրապարակներից մեկում, ասել է Նալիվայչենկոն:
Ուրբաթ երեկոյան Մայդանում գործողություն էր ընթանում ի պաշտպանություն նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոյի եւ աղոթք՝ Ուկրաինայի համար: Իսկ Միխայլովյան հրապարակում համերգ եւ ցույց՝ ի պաշտպանություն նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչի:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են Տիմոշենկոն եւ Յանուկովիչը, կայանալու է կիրակի, փետրվարի 7-ին:




























