Իրանի հանդեպ ԱՄՆ արկածախնդրական քաղաքականությունը վտանգավոր է հատկապես Վրաստանի եւ ընդհանրապես Կովկասի պետությունների համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Նուգզար Ավալիանին՝ մեկնաբանելով ռուս կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովի խոսքերն այն մասին, որ մոտ ժամանակներս Պարսից ծոցում իրավիճակը կսրվի։

Նրա խոսքով, վրացի կոմունիստները ռուս գործընկերների հետ մտադիր են ի վերջո «կանգնեցնել ամերիկյան ռազմաքաղաքական ավազակներին»:

«Մենք լիովին սատարում ենք Զյուգանովի հայտարարությունը, եւ կարծում ենք, որ նրա դրոշի տակ պետք է միավորվեն ոչ միայն Ռուսաստանի եւ հետխորհրդային բոլոր երկրների կոմունիստները, այլ նաեւ մոտ եւ հեռու եղբայրական կոմունիստական եւ աշխատավորական կուսակցությունները, ինչպես նաեւ ամբողջ առաջադեմ մարդկությունը»,- ասվում է Ավալիանիի հայտարարության մեջ։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է կանգնեցնել ԱՄՆ վարչակազմին եւ ՆԱՏՕ-ին՝ աշխարհում բոլոր պատերազմների հրահրողներին, հակառակ դեպքում «խաղաղություն չի լինի ո՛չ Ռուսաստանում եւ Մերձավոր Արեւելքում, ո՛չ Եվրոպայում եւ Ասիայում ու նաեւ ամբողջ աշխարհում», հայտնում է Կավկազ-պրեսը։