Ճապոնական ծովում նավաբեկության ենթարկված «Շանս-101» ձկնորսական նավի վեց զոհերի մարմիններ են հայտնաբերել: Հեռավորարեւելյան տրանսպորտային դատախազությունը հայտնում է, որ Պլաստուն (Պրիմորիեի երկրամաս) նավահանգստից դուրս եկած նավում եղել է 30 մարդ, որոնցից 19-ը` ռուսաստանցի, մնացածը` Ինդոնեզիայի քաղաքացիներ:
Ըստ նախնական տվյալների` հունվարի 27-ին Ճապոնական ծովում Պրիմորիեի երկրամասի Տերնեյի շրջանից 32 ծովային մղոն հեռավորության վրա շրջվել եւ մասամբ ջրասուզվել է «Շանս-101» ձկնորսական նավը:
Ըստ նավաստիների նախնական բացատրությունների` փրկարարական մակույկից ջուրն են նետվել վեց զոհվածների մարմիններ» ասվում է դատախազության հաղորդագրության մեջ, հաղորդում է BFM.RU-ն:
Նավը սկսել են որոնել, երբ այն նախատեսված ժամին կապի մեջ չի եղել: Ըստ ԱԻՆ-ի` նավը «SOS» ազդանշան չի տվել, վթարի ազդանշան եւս չի ստացվել:
Տերնեյի շրջանի իշխանությունները կազմակերպել են անձնակազմի անդամների որոնումը: 30 մարդ պետք է որոնումներ իրականացնեն Սվետլայա ավանի ափամերձ գծից 280 կմ հարավ-արեւմուտք: Մարդկանց որոնումներին են մասնակցում նաեւ Բե-200 ինքնաթիռը եւ Մի-8 ուղղաթիռը, ինչպես նաեւ չորս նավ:





























