Պարզվել է հայտնի «Խլահավը» («Глухарь») հեռուստասերիալի դերասան Վյաչեսլավ Տիտովի մարդասպանի ինքնությունը: Նրա նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել:

Հիշեցնենք, որ 40-ամյա դերասանն իր բնակարանում մերկ եւ խեղդված էր հայտնաբերվել 2011թ. դեկտեմբերի վերջին: Ըստ հետաքննության վարկածի` Տիտովն իր մարդասպանին անձամբ է տուն թողել: Թատրոնից տուն վերադառնալու ճանապարհին նա մտել էր խանութ, որտեղ պատահաբար ծանոթացել էր 22-ամյա երիտասարդի հետ, որին հրավիրել էր իր տուն` խմելու, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Կասկածյալը մեծ թվով մատնահետքեր էր թողել  զոհի բնակարանում: Սակայն ոստիկանության օպերատիվ աշխատակիցներին միանգամից չէր հաջողվել գտնել նրա հետքը: Ըստ ուժայինների` երիտասարդը թաքնվում է  Ուրալի շրջանում եւ մոտ ժամանակներս կբռնվի, հաղորդում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ Տիտովի մերկ մարմինը մահից երկու օր անց հայտնաբերել էր նրա մայրը: Փորձագետները հաստատել են, որ տղամարդուն խեղդել են:

Դերասանի մահը դարձել էր «Խլահավը» հեռուստասերիալի դերասանների ողբերգության շղթայից առաջինը:  Երկու ամիս անց թունավորել էին Անատոլի Օտրադնովին: Իսկ 2012թ. մարտին նրանց գործընկեր Սերգեյ Շարոշկինը վախճանվել էր Ռազանի մարզում` իր ծնողների բնակարանում, ռումբի պայթյունից ստացված վնասվածքներից: