Եթե երեք թեկնածուների` Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի եւ Րաֆֆի Հովհննիսյանի համատեղ հայտարարությունն ավելի վաղ ներկայացվեր պետության գործող ղեկավար Սերժ Սարգսյանին, ապա նա եւս կաջակցեր այն: Այս մասին, այսօր` հունվարի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» ղեկավար Պարույր Հայրիկյանը:
«Ներկա պահից արդեն կարելի է համարել, որ տվյալ հայտարարությունն արդեն ներկայացվել է գործող նախագահին: Կարծում եմ` նրա կողմից կհնչի որոշակի արձագանք»,- նշել է Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով` հայտարարության` վարչական ռեսուրսներն ու համապատասխան լծակները չչարաշահելու մասի հեղինակն ինքն է, իսկ կայանալիք ընտրություններում քաղաքացիների ակտիվ մանակցության վերաբերյալ կոչը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունն է:
Հայրիկյանը նաեւ ավելացրել է, որ Հայաստանում քաղաքական գործընթացների տվյալ փուլում շատ բան կախված է մի քանի անհատներից: «Ես հնարավոր եմ համարում երկու կամ երեք թեկնածուների միավորումը»,- նշել է նա` պարզաբանելով, թե նախագահի հատկապես որ թեկնածուները կարող են հանդես գալ միացյալ ճակատով:





























