Շատ շարքային քաղաքացիներ տարակուսում են, թե ինչպես է, որ երկրում տնտեսության վիճակը բարելավվում է, դատելով պաշտոնական տվյալներից, սակայն կյանքը չի հեշտանում:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարկել է դեկտեմբերի տվյալները` ամփոփելով 2012 թ. արդյունքները: Ցուցանիշները վատ չեն. տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 107,2%, արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալն աճել է 8,8%-ով, գյուղատնտեսական  արտադրանքի համախառն արդյունքը` 9,5%:

Եթե դիտարկենք մակրոտնտեսական մի շարք ցուցանիշների դինամիկան ըստ ամիսների, ապա  դրանց զարգացումը «զիգզագաձեւ» է:

Դիտարկելով հունվար-նոյեմբերի տվյալները մանրամասնորեն,  նկատում ենք, որ  մանրածախ ապրաքնաշրջանառության ծավակն աճել է 2,2%-ով, մեծածախինը` 4,7%-ով, իսկ  ավտոմեքնաների վաճառքի եւ վերանորգման ծավալը` 11,3%-ով: Այսպիսով,  ապրանքաշրջանառության բացարձակ 3,6% աճի ցուցանիշում մեծածախ օղակը ապահովել է  1,6%, իսկ մանրածախը` ընդամենը  1,4%: Ընդհանուր ցուցանիշի աճի մնացած մասը բաժին է ընկնում ավտոմեքենաների վաճառքին եւ վերանորգմանը:

Մանրածախ առեւտրաշրջանառության աճի ցածր տեմպը կարելի է ծայրահեղ անբավարար համարել: Դրա փոխարեն նկատվում է  վճարովի ծառայությունների ֆիզիկական ծավալի երկնիշ աճ` 10,8%:  Այդ ցուցանիշների համադրումը  բերում է մեր հասարակության եկամուտների օրինաչափ բեւեռացման մասին եզրահանգումների:

Խնդիրն այն է, որ միջին ամսական անվանական աշխատավարձի աճի տեմպը  սպառողական գների ինդեքսը գերազանցել է ընդամենը 2,5 տոկոսային կետով:

Իսկ նյութապես ապահովված քաղաքացիների խումբը, պահպանելով ապրանքների սպառման  իր կայուն բարձր մակարդակը, սկզբունքոերեն չի նպաստում  մանրածախ առեւտրի ակտիվացմանը: Աշխատավարձով ապրողներն էլ սկսել են ավելի շատ ծախսել թանկացող պարենամթերքի վրա:

Այսպես,  բարձր կարգի հացի միջին մանրածախ գինը  տարվա ընթացքում մայրաքաղաքում աճել է 8,6%-ով: Դրա հետ կապված  սահմանափակ  ընտանեկան բյուջեով ընտանիքների գնողունակությունը նվազել է: Այսպիսով,  հասկանալի է դառնում, թե ինչու ոչ վատ մակրոտնտեսական ցուցանիշների պարագայում շարքային քաղաքացիների կյանքը չի լավանում...