Եթե Ադրբեջանը ոչնչացնի Ստեփանակերտի օդանավակայանը, մենք համարժեք պատասխան պետք է տանք: Այդ մասին այսօր՝ փետրվարի 4-ի մամուլի ասուլիսում հայտնել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը:
Փորձագետը ցավով է նշել, որ Ադրբեջանը տեխնիկապես կարող է կործանել քաղաքացիական ինքնաթիռները, քանի որ «մեր ռազմական դաշնակից Ռուսաստանը Բաքվին վաճառել է այնպիսի սպառազինում, որն ադրբեջանական կողմին նման գործողությունների հնարավորություն է տալիս»: Նա չի բացառել, որ Ադրբեջանը նման քայլի կարող է գնալ եւ հրթիռներ արձակել քաղաքացիական ինքնաթիռների ուղղությամբ: Պապյանը նկատել է, որ այդ դեպքում Ադրբեջանը կարող է նաեւ արդարանալ, թե հրթիռը պատահական է արձակվել: Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ գլխավոր քատուղար Նիկոլայ Բորդյուժայի վերջին հայտարարությանը, որտեղ նա Ալիեւի վարչակարգի սպառնալիքը «անհաջող կատակ» էր անվանել, փորձագետը գործընկեր կառույցի կողմից նման բնութագրումն անընդունելի է որակել: «Բորդյուժան պետք է խիստ քննադատեր օդանավակայանը եւ քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու Ադրբեջանի սպառնալիքները»:
Խոսելով քաղաքացիական օդանավերին Ադրբեջանի հարվածելու հնարավորության մասին` Պապյանը նշել է. «Հնարավոր է՝ Ալիեւը չցանկանա հարվածել քաղաքացիական ավիացիային, սակայն քաղաքական հանգամանքները կարող են նրան ստիպել դիմել նման քայլի, միայն թե պահպանի իշխանությունը»: Մանրամասնելով Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը` քաղաքագետն ասել է, որ այն Հայաստանի օգտին է, քանի որ դժգոհությունն առաջացել է այն շրջաններում, որտեղ բնակչության մեծամասնությունը լեզգի են: Ադպիսով, ըստ նրա, Ադրբեջանն ավելի քիչ սպառնալիքներ կտեղա մեր հասցեին եւ ուշադրություն կդարձնի ներքին խնդիրների կարգավորմանը: Սակայն, մյուս կողմից, տոտալիտար վարչակարգերը պատերազմներ են հրահրում, որոնք բացասական ազդեցություն են թողնում տարածաշրջանում:
Ըստ Պապյանի` տարածաշրջանում լարվածությունն ուժգնանում է, եւ այն բացասական է անդրադառնում Հայաստանի վրա: «Թուրքիայում հայատյացությունը կրկին թափ է հավաքում: Վառ օրինակ են Թուրքիայում տարեց հայ կանանց վրա վերջին հարձակումները: Հակահայկական տրամադրություններն աճում են, քանի որ 2015թ. հայերի պահանջներն ավելի հստակ կդառնան, իսկ դա նշանակում է, որ առաջիկա տարիներին հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի»:





























