Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ եռանախագահների փարիզյան վերջին հանդիպմանը որեւէ առաջարկ ադրբեջանական կողմը չի արել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն` ի պատասխան NEWS.am-ի հարցի, թե Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը պնդում է, որ հայկական կողմը Փարիզում, անցյալ շաբաթ կայացած հանդիպման ժամանակ, իբրեւ մերժել է Ադրբեջանի կողմից արված ինչ-որ առաջարկներ։

«Ավելին, այդ հանդիպման վերաբերյալ նախարարների ու համանախագահների կողմից համաձայնեցված հնգակողմ մամուլի հաղորդագրությունը մինչ այսօր ադրբեջանական կողմը չի տեղադրել ԱԳՆ կայքում: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը փորձում է այդ հանդիպման մասին մատուցել իրենց շինծու մեկնաբանությունը։ Նույնը պատահել էր նախորդ փարիզյան հանդիպման համաձայնեցված հաղորդագրության հետ։ Դա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական կողմին այդքան բնորոշ սեփական հանրության աչքերին թոզ փչելը»,-ընդգծել է Տիգրան Բալայանը:

«Մեկ բան Ադրբեջանի փոխարտգործնախարարը ճիշտ է ասում. Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի մոտեցումները չէին տարբերվում նախկինում արտահայտած մոտեցումներից։ Դա բնական է, Հայաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է համահունչ եռանախագահների կողմից արտահայտված միջազգային հանրության մոտեցումներին։

Իսկ  ադրբեջանական կողմը համառորեն շարունակում է մերժել կամ փոձում է ռեվիզիայի ենթարկել եռանախագահների ներկայացրած բոլոր առաջարկները, ինչը կրկնվեց նաեւ Փարիզում կայացած վերջին հանդիպման ընթացքում»,-ամփոփել է նա: