Հայաստանի նպատակաը ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելն է: Այս մասին, այսօր` փետրվարի 4-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` Արարատի մարզի Մասիս քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Միաժամանակ, նա չի բացառել տարբեր երկրների առանձին նահանգների կամ օրենսդիր մարմինների կողմից Ղարաբաղի ճանաչելու հնարավորությունը:

«Բայց ամենագլխավորը դա չէ: Գլխավորը` այնպես անել, որպեսզի Ղարաբաղի անկախությունը ճանաչի Ադրբեջանը: Ինձ համար դա 20 այլ երկրների կողմից ճանաչումից ավելի արժեքավոր կլինի, որովհետեւ դա կնշանակի հարցը լուծել խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, այսինքն` արդար: Իսկ դրա համար մենք պետք է անենք հնարավորը, այդ թվում բարձրացնենք մեր Զինված ուժերի մարտունակությունը»,-ասել է Սերժ Սարգսյանը: