Օրերս Հայաստանի Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի դիմումն ու հիմնավորումները, կայացրել է որոշում, որով սահմանափակել է հարկային մարմնի կողմից անձանց գույքի վրա արգելանք դնելու կիրառման մեխանիզմները։
Այս առնչությամբ, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Խնդիրն այն է, որ հարկային մարմինը անձի կողմից հարկային պարտավորությունների պատշաճ չկատարման դեպքում կիրառում է հարկային արգելանք անձի գույքի նկատմամբ, մինչդեռ գոյություն ունեն հարկային պարտավորությունները ապահովող մի շարք այլ միջոցներ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր եւ այլն:
Համաձայն Սահմանադրական դատարանի որոշման, գույքի նկատմամբ արգելանքի կիրառումը պետք է իրականացվի միայն հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ հնարավորությունների սպառման պարագայում եւ խիստ վերահսկելի ձեւով: Այսինքն, հարկային մարմնի կողմից գույքի նկատմամբ արգելանքը կարող է կիրառվել միայն այլ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր եւ այլ հնարավորությունների սպառման դեպքում եւ իրականացվելու է միայն դատական խիստ վերահսկողության պարագայում:
Հուսով ենք, որ Դատարանի նշված որոշումը կկանխարգելի հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից գույքի արգելանքի անհամաչափ կիրառման եւ չարաշահումների դեպքերը»:




























