«Պանտերա» գիշերային ակումբում սթրիփ-պարուհի Ռ. Ն.-ն պատվիրված երգի ժամանակ, երբ մոտեցել է այլ հաճախորդի սեղանին, նրան մոտեցած 23-ամյա Մարզպետունի Դունամալյանը վիճաբանություն է սարքել եւ ընթացքում պոկել ոստիկանի ուսադիրները: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 23-ամյա Մարզպետունի Դունամալյանը «Պանտերա» գիշերային ակումբում, ալկոհոլ օգտագործած վիճակում, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ակումբի աշխատակիցների նկատմամբ, տվել է հայհոյանքներ եւ խուլիգանական գործողությունները շարունակել է բակում:

Նա չի ենթարկվել ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին եւ պոկել նրա հագուստի ուսադիրը: Մասնավորապես «Պանտերա» գիշերային ակումբ Լոռիի մարզի Շենավան գյուղի բնակիչ Մարզպետունի Դունամալյանը, հարբած վիճակում մոտեցել է սրահի պարահարթակին գտնվող սթրիփ-պարուհի Ռ. Ն.-ին եւ պատվիրված երգի ժամանակ վերջինիս կողմից այլ հաճախորդի սեղանին մոտենալու եւ նրանից ժետոն վերցնելու անհիմն պատճառով սկսել է վիճել նրա հետ:

Դրանից հետո բացահայտ արհամարհական ու անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ակումբի աշխատակիցների եւ նույն սրահում գտնվող թվով 10-15 այլ հաճախորդների նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ շուրջ երեք րոպե բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչը շարունակվել է նաեւ դրսում:

Քննելով գործը Մարզպետունի Դունամալյանին մեղավոր են ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման 1  տարի ժամկետով: Դատավճիռը կայացվել է հունվարի 18-ին: Այն կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում: