Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի տուն, հյուրընկալվել պատգամավորին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Հանդիպումը տեւել է մոտ քառասունհինգ րոպե: Առաջին նախագահի այս մասնավոր այցը կապված է ՀԺԿ առաջնորդի վերջերս ունեցած առողջական խնդիրներով: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ ամենայնի, այցելել է Ստեփան Դեմիրճյանի առողջությամբ հետաքրքրվելու համար: Այս այցը կարեւոր է նաեւ Հայ ազգային կոնգրեսում վերջին շրջանում տեղի ունեցող խմորումների համատեքստում: Վերջին շրջանում հաճախակի էին դարձել խոսակցությունները, որ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած կուսակցությունը` ՀԺԿ-ն, նույնպես պատրաստվում է լքել ՀԱԿ-ը: Անցյալ շաբաթավերջին, Դեմիրճյանը մեր թերթին տված հարցազրույցում հերքել էր այդ լուրերը, ասելով, որ ՀԺԿ-ն եղել եւ մնում է ՀԱԿ-ի առանցքային կուսակցություններից մեկը:

ՀԱԿ-ը պատրաստվում է մարտի 1-ին հանրահավաք եւ երթ անցկացնել` ի հիշատակ 2008 թվականի «Մարտի 1»-ի սպանդի ժամանակ զոհվածների: ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը հայտարարել է, որ իրենք արդեն դիմել են Երեւանի քաղաքապետարան միջոցառման մասին իրազեկելու, ինչպես նաեւ ասել է, որ այդ հանրահավաքին մասնակցելու է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արդյո՞ք դա լինելու է զուտ հիշատակի հանրահավաք, մարտի մեկի զոհերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, թե նաեւ հնչելու են քաղաքական ելույթներ. Հայ ազգային կոնգրեսում, ինչպես երեկ հայտնել են մեր թղթակցին, դեռ չեն որոշել: Իսկ ահա վերջին տարիներին, կոնգրեսի շարքերը լքած տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ առանձին անհատներ, խուսափել են ուղիղ պատասխանել մեր թղթակցի հարցին, թե արդյո՞ք իրենք մի կողմ կդնեն տարաձայնությունները եւ կմասնակցեն Մարտի 1-ի հանրահավաքին: Միայն ՀՈԻՊ նախագահ Գառնիկ Մարգարյանն է ասել, որ եթե խոսքը գնում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպվող հանրահավաքին, ապա իրենք անշուշտ, կմասնակցեն դրան»,- գրում է «Հայկական ժամանակը»: