Ազգությամբ եզդի Մամո Ասոյանը ցանկանալով տեղափոխվել ՌԴ եւ ցանկություն չունենալով կնոջն ու երեխային իր հետ տանել, ծեծի է ենթարկել կնոջը եւ պահանջել, որ երեխայի հետ գնա իր հոր տուն: Մարտունիի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ Մամո Ասոյանը, 2012թ. հուլիսի 13-ին ժամը 10-ի սահմաններում, Մարտունիի տարածքի «Ագրիջա» կոչվող սարատեղում, կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ծեծել է իր կնոջը` Ռուզաննա Թամոյանին: Առաջադրված մեղադրանքում Մամո  Ասոյանն իրեն մեղավոր է ճանաչել եւ ցուցմունք տվել, որ 2012թ. հուլիսի 13-ին ժամը 10-ի սահմաններում, «Ագրիջա» կոչվող սարատեղում գտնվող իրենց վրանում, ընտանեկան հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ քաշքշել եւ ծեծել է կնոջը եւ ասել, որ դուրս գնա իրենց վրանից: Նա հայտնել է նաեւ, որ զղջացել է կատարվածի համար: Ռուզաննա Թամոյանն իր հերթին ցուցմունք է  տվել, որ ամուսնու հետ իր հարաբերությունների վատացման պատճառն այն է, որ վերջինս եւ նրա ընտանիքի անդամները ցանկանում են տեղափոխվել ՌԴ, սակայն իրեն եւ իր երեխային չեն ցանկանում տանել իրենց հետ:

Այդ պատճառով ամուսինը ծեծել է իրեն ու ասել, որ երեխայի հետ միասին գնա իր հայրական տուն: Ինքը վերցրել է երեխային եւ գնացել է ձոր, որտեղից էլ նրան եւ երեխային իրենց վրան է տարել սկեսուրը` Բասե Ասոյանը:

Վերջինս նշել է նաեւ, որ ինքը չի հաշտվել Մամո Ասոյանի հետ եւ ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության: Քննելով գործը  դատարանը վճռել է Մամո Ասոյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ դատապարտել տուգանքի 70 հազար ՀՀ դրամի չափով: