«Հրապարակի» Գյումրիի աղբյուրները փոխանցում են, որ վերջին ժամանակներս հետաքրքիր մարտավարություն է որդեգրել Գյումրիի հայտնի կլաններից մեկը՝ Գրիգորյանների ընտանիքը:

Հասկանալով, որ Արման Սահակյանի պատգամավոր, իսկ Սամվել Բալասանյանի քաղաքապետ դառնալով իրենք եւ մարզի ամբողջ քաղաքականացված կրիմինալը հայտնվել են լուսանցքում, Մարտուն եւ Կամո Գրիգորյանները փորձում են մարզի հասարակական կարծիքի վրա ինչ-որ ազդեցություն պահպանել գյումրեցի «անկախ քաղաքագետ» Գագիկ Համբարյանի միջոցով:

Սխեման ծայրաստիճան պարզ է. գյումրեցիների լեզվով ասած` «մանգոյի» դասախոս Համբարյանը մի քանի ամիս հարցազրույցներ էր տալիս միջազգային թեմատիկայով՝ Սիրիա, Գաբալայի կայան, Հայաստանում ռուսական ռազմաբազա եւ այլն, ու ոչ մի խոսք ներքաղաքական զարգացումների կամ մարզի խնդիրների մասին, որպեսզի ձեռք բերեր օբյեկտիվ փորձագետի համբավ, հետո արդեն այդ իմիջն օգտագործեր իր հովանավորների ընթացիկ շահերի սպասարկման համար:

Սակայն այս ծրագիրը տապալվել է երկու պատճառով. մեկը՝ օբյեկտիվ, մյուսը՝ սուբյեկտիվ: Օբյեկտիվն այն է, որ Գյումրիում բոլորը գիտեն Համբարյանի եւ Գրիգորյանների միջեւ եղած կապի մասին, իսկ սուբյեկտիվը՝ այն, որ պատվիրատուները Համբարյանին շուտ բացահայտեցին, չթողնելով գոնե մի քանի ամիս մնալ որպես «միջազգային հարցերով անկախ փորձագետ»: