«Հրապարակը» գրում է, թե երեկ Հովիկ Աբրահամյանը դեռ լարված էր, սակայն չուներ նախորդ օրվա` ԱԺ գարնանային նստաշրջանի բացման ժամանակ նկատված մռայլությունը, ինչը ոմանք բացատրել էին Սերժ Սարգսյանի հետ իր հարազատ Արարատի մարզ քարոզչության չգնալով: Իսկ մարզում Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Համոզված եղեք` արկածախնդիրներին թույլ չենք տալու մեզ վախեցնել»:

Նույն օրը լրատվամիջոցներում տեղ էր գտել նաեւ լուրը, որ եթե քիլլերը չվրիպեր, ընտրությունների հետաձգման դեպքում Աբրահամյանը կարճ ժամանակով հայտնվելու էր նախագահի աթոռին՝ որպես նախագահի պաշտոնակատար: Այնուհանդերձ, երեկոյան ԱԺ նախագահը մեկնել էր Արարատ` մասնակցելու Սերժ Սարգսյանի պատվին Լոնդիկի` մարզպետ Էդիկ Բարսեղյանի կողմից տրվող ճաշին: